Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային՝ դիվանագիտական առաքելության ավատին: Ընդգծելով, որ ՀՀ- ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում մեծ դեր է վերապահված ԵՄ պատվիրակությանը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ԵՄ հաջորդ դեսպանը նույն եռանդով ձեռնամուխ կլինի այդ կարևոր առաքելությանը՝ իր ներդրումը բերելով ՀՀ-ԵՄ կապերի հետագա խորացման գործին: Նա նշել է, որ դեսպան Հրիսթեայի պաշտոնավարման անցած չորս տարիներին Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի, եվրոպական կառույցների հետ, չնայած աշխարհաքաղաքական վայրիվերումներին, ակտիվ և արգասաբեր է եղել՝ նպաստելով ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում: «Ես համարում եմ, որ մենք աշխատել ենք անկեղծ, ազնիվ և բաց ու կարողացել ենք ստանալ առավելագույնը համագործակցության այս ժամանակահատվածում՝ անցնելով մեծ ճանապարհ և կուտակելով զգալի փորձ հետագա փոխգործակցության համար»,-ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ԵՄ-ի հետ համագործակցությամբ սկսած բարեփոխումները: Դեսպան Տրայան Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ բարեփոխումների ուղղությամբ շոշափելի արդյունքների հասնելու գործում շարունակելու և զարգացնելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունն ու երկխոսությունը: Հանդիպման ավարտին Տրայան Հրիսթեան վստահեցրել է, որ որտեղ էլ լինի, Հայաստանը մնալու է իր սրտում: